BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Խմբային քննաշրջանն ավարտված չէ

Խմբային քննաշրջանն ավարտված չէ
09.11.2012 | 11:27

Երեքշաբթի-չորեքշաբթի կայացան Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղերը: Սպասվում էր, որ շատ հարցեր կգտնեն վերջնական պատասխան, սակայն քիչ բան ակնկալվածի պես ստացվեց: Դե ինչ: Դրանից ֆուտբոլը չտուժեց: Հակառակը: Դեռ մի բան էլ ավելի հետաքրքիր դարձան լիգայի խաղերը:

Նախորդ տուրում սեփական հարկի տակ տարած հաղթանակից հետո մեկ միավորի հավելում էլ մրցակցի դաշտում` ահա թե ինչպիսին եղավ Դորտմունդի «Բորուսիայի» հաշվեկշիռը Չեմպիոնների լիգայի խմբային խաղերի այս փուլում: Մադրիդի «Ռեալի» հետ խաղում չորս միավոր` սա հաշվարկային ոչ մի համակարգի մեջ չտեղավորվող, տրամաբանական զարգացումներից դուրս բան է, որքան էլ գերմանական ակումբը երկրի վերջին երկու տարվա անփոփոխ չեմպիոնն է: Ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, որ «Ռեալ» գերակումբի դեմ խաղում սա գործոն չէ: Սակայն ֆուտբոլը հենց նրանով է կախարդական խաղ, որ իր կանխատեսելիության մեջ երբեմն լինում է և անկանխատեսելի: Ընթերցողին չծանրաբեռնելով սույնը պայմանավորող գումարելիների թվարկումով` այսպես ասենք. «Սանտյագո Բեռնաբեուում» Յուրգեն Կլոպը Ժոզե Մոուրինյոյին խաղ կառուցելու, մարտավարելու երկրորդ հիմնարար դասը տվեց` որքան ինքնահավան, նույնչափ և տաղանդավոր պորտուգալացու համար դառնալով… Խոսեպ Գվարդիոլա: ՈՒ թեպետ D խմբի մյուս` «Մանչեստր Սիթի»-«Այաքս» դիմակայությունում նույնպես գրանցվեց նույն 2:2 հաշիվը, և խումբը կազմող թիմերն ունեն երրորդ տուրից ժառանգություն մնացած «Բորուսիա», «Ռեալ», «Այաքս», «Մանչեստր Սիթի» դասավորությունը (ի՜նչ հրաշալի էր «Այաքսը»), այստեղ դեռ «արյան գետեր» են հոսելու, որքան էլ «Մանսիթիի» շանսերը զրոյականին մոտ են, իսկ հոլանդական ակումբը երեք միավորի հեռավորության վրա է «Ռեալից»: Մի խոսքով` «մահվան» խումբն այս դեպքում արդարացնում է իր վսեմ անվանումը:

Չափազանց լարված ու դրամատիկ պայքարում ընթացավ B խմբի «Շալկե-04»-«Արսենալ» հանդիպումը: Այստեղ էլ դաշտի տերերը` գերմանացիները, ինչպես Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեստր Սիթիի» պարագայում էր, ահռելի դժվարությամբ խուսափեցին պարտությունից` 0:2-ից հետո կարողանալով հասնել ոչ-ոքի արդյունքի ու համապատասխանաբար ութ և յոթ միավորով պահպանելով խմբայինի առաջին երկու տեղերը: Խմբում ֆրանսիական «Մոնպելիեին» արևին տալու շանսը բաց չթողեց հունական «Օլիմպիակոսը» (3:1): Այս հաղթանակից հետո հույներն արդեն ունեն վեց միավոր և «Շալկե-04»-ի ու «Արսենալի» պես հաջողությամբ կարող են պայքարել play off դուրս գալու համար:
A խմբում ֆրանսիական ՊՍԺ-ն հյուրընկալելիս 4:0 հաշվով հաղթանակի հասավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ ու ինը միավորով շարունակում է ընթանալ երկրորդ հորիզոնականում, քանի որ զուգահեռ ընթացած Կիևի «Դինամո»-Պորտուի «Պորտու» հանդիպումում ուկրաինացիները կարողացան ընդամենը ոչ-ոքի` 0:0 խաղալ մրցակցի հետ` խոնարհաբար վերջինիս ուսերին թողնելով խմբայինի առաջատարի հաճելի պարտականությունը: Ինչ տվեցին այս հանդիպումները մրցակից կողմերի՞ն: Պորտուգալական ակումբը սկզբունքորեն արդեն իսկ կարող է նախապատրաստվել play off-ին, իսկ Զագրեբի «Դինամոն», կամենա-չկամենա, այլևս անելիք չունի լիգայի ընթացիկ խաղարկությունում: Ինչ վերաբերում է Կիևի «Դինամոյին», այն դեռ պիտի կարողանա հաղթել ֆրանսիական ակումբին` միաժամանակ հույսեր փայփայելով, որ ՊՍԺ-ն կզիջի նաև «Պորտուին»: Ի՞նչ եք կարծում, չափազանց հեքիաթանման չի՞ ստացվում ուկրաինական նարնջագույն երազանքը:
C խմբում թեև «Մալագան» ոչ-ոքի` 1:1 խաղաց իտալական «Միլանի» հետ, այդուհանդերձ արտագնա խաղից բերած միավորը, անկախ խմբային վերջին երկու խաղից, իսպանական ակումբին տվեց մեկ ութերորդ եզրափակիչ խաղերին մասնակցելու իրավունք: Սա պիտի համարել Չեմպիոնների լիգայում իր նորամուտը նշող «Մալագայի» անվիճելի հաղթանակը: Խմբային մյուս` «Անդերլեխտ»-«Զենիթ» հանդիպումն ավարտվեց բելգիական թիմի հաղթանակով: Ռուսական ակումբը ցույց տվեց միանգամայն անատամ, դժգույն, հոգնած խաղ և, եթե կուզեք ճիշտն իմանալ, նվազագույն հաշվով պարտվելն արդեն իսկ հաջողություն պիտի համարել նրա համար: Ճիշտ է, այն «Միլանի», «Անդերլեխտի» հետ դեռ պահպանում է մեկ ութերորդ դուրս գալու հնարավորությունը, բայց դե նման խաղով այնտեղ թե ինչ ունի անելու, անհասկանալի է:

E խմբում որքան էլ «Շախտյորը» ջանաց վերջ տալ Լոնդոնում պարտություններ կրելու տխուր ավանդույթին, չհաջողեց և այս անգամ: «Չելսին» սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասավ նրա նկատմամբ` կարողանալով Դոնեցկում կրած պարտության մուռը հանել: Փոխարենը խմբում հաջողակ եղավ «Յուվենտուսը»: Խմբայինի նախորդ երեք խաղի ոչ-ոքիներից հետո այն չորս անպատասխան գնդակ ուղարկեց դանիական «Նորշելանդի» դարպասը և հավաքած վեց միավորով նստեց ուկրաինական ու անգլիական ակումբների պոչին, որոնք ունեցած յոթական միավորով սիամական երկվորյակ են հիշեցնում (ի հաշիվ մրցակցի հարկի տակ ավելի խփած գոլի` «Շախտյորը» խմբում զբաղեցնում է առաջին հորիզոնականը): Այստեղ, ըստ էության, ոչինչ դեռևս պարզ չէ, մնացած երկու խաղերն այս երեքի համար էլ ոսկու գին ունեն:
F խմբում Մյունխենի «Բավարիան» հմուտ խոհարարի պես վերցրեց ու պարզապես մսաղացով անցկացրեց ֆրանսիական «Լիլին»` վեց գնդակ ուղարկելով նրա դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Նույնպիսի վստահ հաղթանակ տոնեց և «Վալենսիան»: Թեպետ 3:0 հաշվից հետո իսպանացիները, խաղը համարելով ավարտված, թուլացրին զգոնությունն ու դրա համար երկու գոլ կերան, սակայն արագ սթափվեցին ու խաղն ավարտեցին 4:2 հաշվով: Այստեղ, ինչպես E խմբի պարագայում է, նույնպես երկիշխանություն է` իննական միավոր ունեցող «Բավարիա»-«Վալենսիա» տանդեմի գլխավորությամբ: Կասկած չկա, որ, ձեռք ձեռքի տված, հենց նրանք էլ կանցնեն play off, քանի որ ԲԱՏԷ-ն ինչ պար գիտեր` պարել է, իսկ ակտիվում ոչ մի միավոր չունեցող «Լիլը» բոլորիս առարկայնորեն ապացուցել է խմբում իր չոր վիճակագիր լինելը:
H խմբում «Մանչեստր Յունայթեդը» տխուր ավանդույթի ուժով դարձյալ համոզեց բոլորիս, որ մինչև սեփական դարպասը գոլ չի ընդունում, չի կարողանում խաղից համ զգալ: Այս անգամ նրանից դրա համար պահանջվեց ամբողջ ութսուն րոպե: Վերջին տասը րոպեներին անգլիացիների խփած երեք գոլը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը` 3:1: «Բրագան» մնաց ունեցած երեք միավորով, իսկ «Յունայթեդը» չորս խաղից հետո հավաքեց տասներկու միավոր` հաստատելով play off-ում հանդես գալու իր մտադրությունը: Ինչ վերաբերում է խմբային մյուս հանդիպմանը, թուրքական «Գալաթասարայը» ռումինական «Կլուժին» նրա իսկ դաշտում հաղթեց 3:1 հաշվով ու խմբում ստեղծեց մի իրավիճակ, որտեղ երկրորդ տեղ դուրս գալու հավասար հնարավորություն ունեն թե՛ ինքը, թե՛ «Կլուժը» և թե՛ պորտուգալական ակումբը: Փաստորեն ավարտական խաղերից առաջ այստեղ էլ B, C, D, E, H խմբերում եղած նույն նյարդային լարվածությունն է:
«Մանչեստր Յունայթեդի» նման play off դուրս գալու հարցերը վաղօրոք կարող էր լուծել և G խմբի միանձնյա առաջատար «Բարսելոնը», որը, մինչև «Սելթիկի» հետ հանդիպումը, ուներ բացարձակ ցուցանիշ` երեք խաղից ինը միավոր: Կարող էր: Սակայն չկարողացավ: Իհարկե, հեգնանքով պիտի ընդունել կատալոնյան ակումբի 1:2 հաշվով պարտության նվեր լինելը «Սելթիկի» 125-ամյակին, որովհետև շոտլանդական ակումբն այդ օրն իսկապես արժանի էր հաղթանակի ու հաղթեց: Ի դեպ, կելտերը մոտ էին հաղթանակին նաև «Կամպ Նոուում». պիտի որ հիշեք` բարսելոնցիները սեփական հարկի տակ հաղթանակը կորզեցին հանդիպման սոսկ վերջին վայրկյաններին: Շոտլանդիայում էլ «Բարսելոնը» մրցակցի դարպասը գրավեց խաղի իննսուներորդ րոպեին, սակայն այն ընդամենը եղավ հեղինակության գոլ: Կատալոնյան ակումբի երկրպագուներին ավելորդ անգամ տեղեկացնենք, որ հայրիկ դառնալուց հետո սա Մեսիի առաջին գոլն էր, և սա այս հանդիպումում բարսելոնյան ակումբի երկրպագուների համար միակ լուսավոր կետն էր: Խմբի մյուս հանդիպումում «Բենֆիկան» 2:0 հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ: Ի բարեբախտություն պորտուգալացիների, Լիսաբոնում չկար մոսկվացիների երկու խոշոր առավելությունը` ռուսական քմահաճ եղանակն ու արհեստական խոտածածկը:
Ավարտելով նյութը` ասենք, որ G խմբում էլ առանձնապես պարզ իրավիճակ չէ: Ոչ յոթ միավոր ունեցող «Սելթիկն» իրեն կարող է հարմարավետ զգալ աղյուսակում ունեցած ներկա դիրքում` երկրորդ հորիզոնականում, ոչ չորս միավորով երրորդ հորիզոնականում գտնվող «Բենֆիկան» կարող է ունենալ դատապարտվածի զգացողություն, ոչ էլ երեք միավորով չորրորդ տեղում գտնվող «Սպարտակը», որը թիկունքում ունի վերն արդեն իսկ հիշատակված ռուսական ձմեռնաշունչ աշունը: Ճիշտ է, մոսկվացիների համար առանձնապես հաճելի չէ նման բախտորոշ պահին քթի տակ ունենալ բարսելոնյան ահեղ թիմի հետ հանդիպում, այն էլ այն դեպքում, երբ վերջինիս սիրտը, «Սելթիկից» կրած պարտությունից հետո, խոցված է բավական ցավագին, բայց դե ի՞նչ իմանաս` մինչև հաստատ չիմանաս: Չմոռանանք, բարեկամներ, որ սա, այնուամենայնիվ, ֆուտբոլ է` կանխատեսելիության աստիճանի անկանխատեսելի խաղ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ